6 հուլիսի 2010 - 13:02 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Պատերազմը հարգանք չի ներշնչի Բաքվի հանդեպ, այլ միայն պարտություն կբերի նրան

Ադրբեջանը սկսում է հեռանալ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական ճանապարհից: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Անդրադառնալով Չայլու գյուղի մոտ հունիսի 18-ին տեղի ունեցած վերջին միջադեպին` հայ փորձագետը նշել է, որ այդ սադրանքն ուղղված էր ոչ միայն Ստեփանակերտի ու Երևանի, այլ նաև Վաշինգտոնի ու Անկարայի դեմ: «Դրա վկայությունն է Բաքվի մտահոգությունն ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի վերջին այցից հետ: Դա նաև փորձ էր վնասել տարածաշրջանի մթնոլորտին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցից առաջ»,-ասել է Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանը հասկացավ, որ նման սադրիչ հարձակումներն առավել արդյունավետ են հայ-թուրքական դիվանագիտությանը վնասելու համար: «Բաքուն զայրացած է բոլորի վրա, նա կարծում է, որ Թուրքան դավաճանել է իրեն և որ ԱՄՆ-ն չի գնահատում նրան»,-ասել է Կիրակոսյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հնարավոր ռազմական լուծմանը` հայ փորձագետն ասել է, որ Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ նման սառեցված հակամարտությունները ռազմական լուծում չունեն: Պատերազմը հարգանք չի ներշնչի Բաքվի հանդեպ, այլ միայն պարտություն կբերի նրան»,-ասել է Կիրակոսյանը:

Երեկ` հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:

ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: