Հուլիսի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարական Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն`ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնմաmb, եւ դրանով էր պայմանավորված Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Մաուրերը կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման գրավական:
Զրուցակիցները անդրադարձան առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները եւ համաժողովների անցկացումը:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Շվեիցարիայի ԱԳ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: Այդ ենթատեքստում հյուրի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Պետեր Մաուրերը այցելեց նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոց, ուր հանդես եկավ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: