13 հուլիսի 2010 - 14:09 AMT
Դատարանը մերժել է Լյուդմիլա Սարգսյանի դեմ ներկայացված դատական հայցը

«Գրեթե մեկ տարի առաջ Հնչակյան կուսակցությունից բաժանված հատվածը Վահան Շիրխանյանի գլխավորությամբ դատական հայց էր ներկայացրել իմ դեմ, որտեղ վիճարկվում էր իմ լեգիտիմությունը որպես կուսակցության ղեկավարի>,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, գրեթե վեց ամիս տևած դատական քննությունից հետո, դատարանը մերժեց հայցը` հիմնվելով փաստաբանի ներկայացրած վաղեմության ժամկետի մասին միջնորդության վրա: «Սրանով ձախողվեց իշխանության ՍԴՀԿ կուսակցությունը մասնատելու ծրագիրը»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի, այս դատական վճռից հետո ինքը պատրաստ է լսել և խոսել այն հնչակյանների հետ, որոնք, իր խոսքերով, այսքան ժամանակ մոլորության մեջ էին: Նա նաև հույս հայտնեց, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը որոշ ժամանակ անց կհայտնի իր անաչառ դիրքորոշումն այս դատական որոշման նկատմամբ:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսում առկա տարաձայնություններին` Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ը տարբեր կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինք է և տարաձայնությունները բնական երևույթ են: Ըստ նրա, որքան էլ տարակարծություններ լինեն ՀԱԿ-ի մարտավարության հարցում, բոլորը միանշանակ գիտեն, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որ կարող է այլընտրանք լինել իշխանություններին և պետք է պայքարը շարունակել այս շրջանակներում: