14 հուլիսի 2010 - 12:33 AMT
Լեհաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունն «Արևելյան գործընկերություն» ծրագրին

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցում են այնպիսի երկրներ, որոնք ունեն երկկողմ խնդիրներ, բայց ԵՄ այս նախաձեռնությունը չի նախատեսում այդ երկկողմ խնդիրների լուծում: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ինչքան շատ երկրներ մասնակցեն այս նախաձեռնությանը, այնքան լավ, նշեց Սիկորսկին: Նա նշեց, որ Լեհաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունն այս ծրագրին և պատրաստ է աջակցել հայկական կողմին վիզային ռեժիմի պարզեցման և դրա վերջնական վերացման հարցում: «Մենք ողջունում ենք նաև Հայաստանի պրագմատիկ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և կարծում ենք, որ ներկա իրավիճակը դեռ կարող է փոխվել: Լեհաստանը, որպես ԵԱՀԿ անդամ, կանի հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Սիկորսկին: