Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ֆերգուս Հաննոն (Իռլանդիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված ժամանակացույցի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: