14 հուլիսի 2010 - 13:40 AMT
Ալիևների կլանը չի գնա պատերազմի վերսկսման

«ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում»,-Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հետո արդեն խոսի ինչ-որ փոխադարձ զիջումների մասին:

«Խնդրի լուծման այլ տարբերակ ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք նախատեսված են ներքին լսարանի, ինչպես նաև միջազգային հանրության համար: Ալիևի կլանը չի գնա պատերազմի վերսկսման, նավթադոլարները չափազանց մեծ հաճույք են: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ապա դա ևս նախատեսված է միջազգային հանրության համար: Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի: Սակայն եթե Բաքուն պատերազմ սկսի, նա ոչ միայն մարդկային կորուստներ կունենա, այլ նաև`տարածքային: Ես խորհուրդ կտայի Բաքվին ԼՂՀ անվտանգության գոտին կազմող շրջանները պահանջելու փոխարեն սկզբից վերադարձնել Լեռնային Ղարաբաղին օկուպացված Շահումյանը, Գետաշենն ու Մարտունաշենը»,-ասել է Մինասյանը: