Հայաստանի իշխանությունները մտահոգված չեն Վրաստանի տարածքով անցնող գազատարի հնարավոր վաճառքով մեկ այլ երկրի, այդ թվում` Ադրբեջանին: Այդ մասին հուլիսի 14-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, Վրաստանը դեռ չի հայտարարել այն մասին, որ մտադիր է վաճառել Հայաստանը և Ռուսաստանը կապող գազամուղը: «Տվյալ պահին Վրաստանի իշխանությունները չեն հայտարարել նրա վաճառքի մասին և չեն պատրաստվում»,- ասել է նա:
Այդ առնչությամբ Արմեն Մովսիսյանն ավելացրեց, որ «նույնիսկ եթե նրանք վաճառքի հանեն գազատարը, մեր երկրին ոչ մի շոկային իրավիճակ չի սպասում»:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին հատուկ ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահայտվել է խորհրդարանի կողմից ցուցակից այն օբյեկտները հանելու դեմ, որոնք մասնավորեցման ենթակա չեն, մասնավորապես Հայաստանը և Ռուսաստանը կապող գազամուղի:
Գազամուղի վաճառքը կդառնա «երկրի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականության, Վրաստանի բարդ սոցիալ-տնտեսական դրության հաստատումը», նշված է հայտարարությունում: Նրանց խոսքերով, Լոնդոնի բորսայում գազատարի կամ նրա բաժնետոմսերի մի մասի վաճառքը «անհեռատես և չարդարացված որոշում կլինի»` ուղղված բյուջեի խնդիրների լուծմանը: Իրակլի Ալասանիայի կուսակցությունը դա «էժանագին արկածախնդրություն» է համարում, որը հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին:
Գազատարի վաճառքի մասին վերջնական որոշում Վրաստանի խորհրդարանը կընդունի հուլիսի կեսին: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ գազատարը կգնի Ռուսաստանը: