14 հուլիսի 2010 - 14:12 AMT
Հայաստանում ուրան կա, թե ոչ` պարզ կդառնա երկու տարուց

Հայաստանում երկրաբանական-հանքախուզական աշխատանքներ են տարվում երկրի տարածքում ուրանի հանքաշերտեր հայտնաբերելու ուղղությամբ, որոնք կավարտվեն միայն 2 տարի անց: Այդ մասին հուլիսի 14-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Ուրանի հանքաշերտերի մասին խոսելը դեռ վաղ է, դեռ հետազոտական աշխատանքներ են տարվում, որոնցից հետո պարզ կլինի` կա ուրան, թե ոչ»,- ասել է նա:

Դա հայտնաբերելու դեպքում կանցկացվի ուրանի արդյունահանման վերլուծություն շահութաբերության տեսանկյունից: Երկրաբանական հետազոտությունները Լեռնաձորում, Սյունիքի մարզում անցկացնում է «Հայ-ռուսական հանքարդյունաբերող կազմակերպություն» ՓԲԸ-ն, ինչն առաջացնում է բնապահպանների անհանգստությունը: Երկրաբանական հետազոտությունները ֆինանսավորում է ռուսական կողմը (մոտ 3.5 մլն դրամ):