Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտաական հանձնաժողովի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվել էր սեմինար` նվիրված կենսաթոշակային բարեփոխումներին: ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, գործադիր իշխանության պատասխանատուների և խորհրդատու` USAID-ի PALM` Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց առաջին ընթերցմամբ ընդունված` կենսաթոշակային համակարգում սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննարկումների մեկնարկին ընդգծեց այս ձևաչափով հանդիպման կարևորությունը` այն դիտարկելով մինչև առավել լայն քննարկումները պատգամավորներին հուզող հարցերին անդրադառնալու և խմբակցությունների դիրքորոշումները հստակեցնելու համար անհրաժեշտ փուլ: Նրա տեղեկացմամբ, մինչ սոցիալական փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելը կկազմակերպվեն թե’ առանձին հանդիպումներ` այդ թվում և գործատուների հետ, և թե’ հնարավորություն կստեղծվի դրան անդրադառնալ հասարակական լսումներում ու հանրային խորհրդում:
Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ խորհրդարանի բոլոր խմբակցություններում հիմնավորված են համարում կենսաթոշակային բարեփոխումները, տարբերությունները դրանք իրականացնելու պատկերացումների մեջ էին: «Պարտադի՞ր, թե՞ կամավոր». սա այն հարցն էր, որը դարձավ բանավեճի հիմնական առարկան: Պատգամավորները մտահոգված էին, որ կուտակային կենսաթոշակի վճարումների պարտադիր բնույթը դժվարություններ կստեղծի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Հնչեցին ոչ թե մասնավոր ֆոնդերի միջոցով, այլ պետական մասնակցությամբ գործընթացն իրականացնելու մասին տեսակետներ: Մասնակիցներն անդրադարձան հասարակության վստահության, տնտեսության մեջ ստվերի առկայության և գործազրկության պայմաններում եկամուտ-կենսաթոշակ կապն ապահովելու, աշխատավարձի չափով պայմանավորված` կենսաթոշակների դրույքաչափերի անհամաչափության խնդիրներին: Խոսվեց բարեփոխումների ռիսկերի մասին: ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նկատեց, որ փորձել են դրանք նվազագույնի հասցնել` մարդուն իր կառավարչին ընտրելու հնարավորություն տալով, կառավարչին վճարողի մասին տեղեկություն չհաղորդելով, օրենսդրորեն դիվերսիֆիկացիա սահմանելով և կառավարությանն ու ԿԲ-ին գործընթացը կառավարելու լծակներ տալով, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: