17 հուլիսի 2010 - 16:37 AMT
Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Ջեյմս Սթեյնբերգը Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Ալմաթիում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ;

ԵԱՀԿ ՄԽ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները կողմերին հիշեցրել են 2009 թ. դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի ընդունած հայտարարությունը, հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմերի պարտավորությունը ` հիմնված Հելսինկի եզրափակիչ ակտում, մասնավորապես` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում:

Պատվիրակության ղեկավարները ընդգծել են, որ տարրերը, որոնք ներառված են նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Նիկոլայ Սարկոզիի և Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում, այնուհետև վերահաստատվել են 2010 թ. հունիսի 26-ի հայտարարությունների մեջ, պետք է դառնան հակամարտության վերջնական և արդարացի կարգավորման հիմքը», - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, առաջարկվող տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից մի քանի տարր վերցնելու ամեն մի փորձ հավասարակշիռ լուծման հասնելը կդարձնի անհնար: Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջ. Սթեյնբերգը երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևին և ԱԳ նախարար Ս. Լավրովին`կողմերի անհամաձայնության հաղթահարմանն ուղղված նրանց գործադրած ջանքերի համար, որոնց շուրջ քննարկումներ են անցկացրել հունվարի 25-ին Սոչիում և հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում:

ԵԱՀԿ ՄԽ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև ափսոսանք են հայտնել վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում նաև հունիսի 18-19-ին զինված բախման ու հրապարակայնորեն արված հայտարարությունների առիթով` ընդգծելով, որ դրանք ուժեղացրել են լարվածությունը տարածաշրջանում:

Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Ջեյմս Սթեյնբերգը կողմերին զգուշացրել են, որ ուժի գործադրումն է հասցրել ներկա իրավիճակին և դրա կրկնությունը կարող է միայն խորացնել հակամարտությունն ու թշնամանքը; Ռուսաստանի, Ֆրանսիայի Ագ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել են խաղաղ համաձայնության հասնելու գործում հակամարտ կողմերին աջակցելու իրենց հավատարմությունը, սակայն նշել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունը դրվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա: