18 հուլիսի 2010 - 19:16 AMT
Լևոն Մելիք-Շահնազարյան. Բաքվում ակնկալում էին, որ Ալմա-Աթայում կստորագրվի «Ղարաբաղի շրջաններից հայկական ստորաբաժանումների դուրսբերման ժամանակացույցը»

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն Ալմա-Աթայում առանձնահատուկ հետաքրքրությամբ էր սպասվում: Նախ, դա առաջին հանդիպումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտնի հայտարարությունից հետո, որում բացահայտվել էին ենթադրվող հաշտության պայմանագրի` ճիշտ է, վաղուց արդեն հայտնի մանրամասները: Երկրորդը, հանդիպումը պետք է կայանար Ղազախստանում` թյուրքական պետությունում, որի «խաղաղապահական» ջանքերը 1991 թվականին ավարտվեցին ԼՂՀ դեմ Ադրբեջանի լիամասշտաբ ռազմական ագրեսիայով: Երրորդը, հանդիպմանը նախորդած օրերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես էր եկել մի շարք գեղարվեստական ձևավորման ենթարկված սադրիչ հայտարարություններով, որոնց հաճույքով համաձայնեցին հավատալ ադրբեջանական քաղաքագետները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, սահմանի երկու կողմերում քաղաքական գործիչների ու քաղաքագետների սպասումները բավական տարբերվում էին: «Բաքվում ակնկալում էին, որ Ալմա-Աթայում կստորագրվի «Ղարաբաղի շրջաններից հայկական ստորաբաժանումների դուրսբերման ժամանակացույցը», իսկ Հայաստանում` հակառակը, քաղաքագետների մեծ մասը գտնում էր, որ հանդիպումը հերթական ու անցումային կլինի, որի ժամանակ ոչ մի կոնկրետ բան տեղի չի ունենա: Արդյունքում, ինչպես հաճախ է պատահում, երկու կողմերն էլ սխալվեցին: «Ժամանակացույց» չստորագրվեց (ի դեպ, պետք էր կատարյալ անտեղյակ մարդ լինել հանդիպման նման ելք անկնալելու համար), բայց և հանդիպումն այնքան էլ անցումային չստացվեց: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգն Ադրբեջանին հանգամանորեն մատնանշեցին նրա քաղաքականության ապակառուցողական բնույթը` իր հայտարարության մեջ թվարկելով և մերժելով Բաքվի ոչնչով չհիմնավորված պահանջները»,- ասել է հայ փորձագետը:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարության ամենանշանակալի պահը, անխոս, «Կողմերին լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ 1994 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման համար` հետագա քաղաքական երկխոսության ու պայմանավորվածությունների ձեռքբերման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով» նախադասությունն էր: «Խոսքն առաջին հերթին շփման գծից դիպուկահարների հեռացման խնդրի մասին է, ինչին այդպես համառորեն հակառակվում է Ադրբեջանը, որը երբեք չի արժեվորել սեփական բնակչությանը: Այս անգամ, սակայն Ադրբեջանը ստիպված կլինի երկար մտածել, եթե Բաքվում հասկանում են դիվանագիտական լեզուն: Քանի որ այդ նախադասության մեջ հիշատակելով 1994 թվականի հրադադարի ռեժիմը, որի տակ Ադրբեջանի հետ միասին 1991-94թթ. պատերազմի երկու պատերազմող պետություններից մեկը հանդիսացող ԼՂՀ քաղաքական ու ռազմական ղեկավարության ստորագրություններն են, համանախագահները Բաքվին պարզորեն ցույց են տվել ԼՂՀ ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ նստել հրավիրելու պատրաստակամությունը: Թերևս, Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ ստում է ամենաբարձր մակարդակով, ինչը հասկանում և մատնանշում են արդեն ոչ միայն հայկական պետություններում»,- ընդգծել է Լևոն Մելիք-Շահնազարյանը: