19 հուլիսի 2010 - 17:10 AMT
Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների հայտարարությունը չի կարող ազդել հակամարտության կարգավորման վրա

Ալմաթիում Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը հասցեագրված էր ոչ միայն Ադրբեջանին, այլև հայկական կողմին, քանի որ միջնորդները միշտ ցանկանում են հավասարակշռել իրադրությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով, այդ հայտարարությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա, դա միջնորդների հերթական հայտարարությունն է: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերի մոտեցումները բոլորովին անհամադրելի ու անընդունելի են միմյանց համար»,- ասել է պատգամավորը: