20 հուլիսի 2010 - 17:07 AMT
«Հայ և Հրեական Ցեղասպանությունները» պարտադիր ուսուցման նյութ պետք է լինեն Կորդոբայի պետական վարժարաններում

Կորդոբայում համաձայնագիր է ստորագրվել I.N.A.D.I. (Խտրականության, Օտարատյացության և Ցեղապաշտության դեմ Ազգային Ինստիտուտ) Կորդոբա քաղաքի քաղաքապետարանի, Հ.Յ.Դ. Հարավային Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և հրեական կազմակերպությունների համախմբում Տ.Ա.Ի.Ա. Կորդոբայի մասնաճյուղի միջև` Մարդկային Իրավունքների վերաբերյալ միասնական քաղաքականություն հաստատելու նպատակով:

Համաձայնագիրը հաստատում է, որ «Հայ և Հրեական Ցեղասպանությունները» պարտադիր ուսուցման նյութ պետք է լինեն Կորդոբայի պետական վարժարաններում: Ըստ համաձայնագրի, քաղաքի ուսուցչական կազմին նշված նյութերի մասով օժանդակելու համար կնշանակվի հանձնախումբ: Հանձնախումբը պարբերաբար կկազմակերպի սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ տեսակի աշխատանքներ, Հայոց ցեղասպանության և Հրեաների ողջակիզման մասին նյութերի էլ ավելի լայն տարածման համար:

Ըստ Հ.Յ.Դ. Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Կորդոբայի մասնաճյուղի տնօրեն Էդուարդո Թորոսյանի, առաջիկայում նմանատիպ համաձայնագիր կստորագրվի Կորդոբայի Պետական Համալսարանի հետ, որի համաձայն 2011 թվականից համալսարանի ավելի քան 20 000 դիմորդների քննաշարում պարտադիր է լինելու նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ նյութերը, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը:

Կորդոբայի Պետական Համալսարանը Ագենտինայում հիմնված առաջին բարձր ուսումնական հաստատությունն է և ուսանողության քանակով համարվում է երկրի երկրորդ բուհը: