22 հուլիսի 2010 - 11:27 AMT
Ռադոսլավ Սիկորսկի. Արևելյան գործընկերությունն իրագործվելու շանսեր ունի

Եթե Արևելյան գործընկերության իրագործման համար իրական շանսեր չլինեին, ապա նման ծրագիր նախաձեռնելու գաղափարն իմաստ չէր ունենա: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա, ծրագրի իրագործման շանսեր, անշուշտ, կան:

«Սակայն, հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության, և ավելի լայն իմաստով Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ներգրավված երկրների, Եվրոպայի հետ նրանց մերձեցման հաջողությունը ավելի քիչ կախված է ԵՄ-ից և նրա առանձին անդամներից և առավելապես` Գործընկերության անդամ երկրներից, նրանց նվիրվածությունից եվրոպական ինետգրմանը, ծրագրի իրագործման համար նախատեսված միջոցների օգտագործման արդյունավետությունից, նպատակին հասնելու համառությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա շահագրգռվածությունն ու նվիրվածությունը հսկայական են, այնպես որ դրական արդյունքի հասնելու բոլոր շանսերը կան»,-ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ, Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ Լեհաստանը մտադիր է Հայաստանի հետ համատեղ նախագծեր իրագործել, որոնք կապված են ազատ ԶԼՄ-ների զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության համար տեղեկատվության հասանելիության, լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման հետ: «Կարող եմ սեղմ պատասխանել` այո, նման նախագծեր նախատեսվում են»,-ասել է նա: