Արևելյան ուղղությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա, դրա ապացույցն է թեկուզ Արևելյան գործընկերության լեհ-շվեդական համատեղ նախաձեռնությունը` մի ծրագիր, որի նպատակն է քաղաքական, տնտեսական ու հասարակական կապերի ամրապնդումը Արևելյան Եվրոպայի երկրների ու ԵՄ-ի միջև, նրանց մերձեցումն Եվրոպային:
«Արևելյան գործընկերության շրջանակներում Լեհաստանը մտադիր է գործել ի նպաստ հարաբերությունների ամրապնդման ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երկրների միջև: Առանձնակի նշանակություն ունեն պայմանագրերը ասոցիացիայի, ազատ առևտրի, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները: Լեհաստանը մտադիր է ակտիվ գործել ի նպաստ այնպիսի բանակցությունների անցկացման, որ Հայաստանի հանրությունը կարողանա որքան հնարավոր է արագ զգալ դրանց օգուտը: Հայաստանն, ինչպես Հարավային Կովկասի այլ երկրները, կարող է վստահել Լեհաստանին որպես իր շահերի պաշտպանի եվրոպական ու եվրատլանտյան կառույցներում»,-ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա նշեց նաև, որ ոչ Լեհաստանի, ոչ ԵՄ-ի համար միևնույն չէ, թե ինչ է կատարում հարևանությամբ, կլինի դա կայունության, անվտանգության ու բարեկեցության տարածաշրջան, թե մենք կապրենք անկայուն, աղքատ տարածաշրջանի հարևանությամբ, որն այդ պատճառով կարող է մարտահրավերներ ստեղծել ԵՄ-ի համար: «ԵՄ-ն ցանկանում է հզոր, անկախ, ժողովրդարար և տնտեսապես բարգավաճող տեսենլ իր հարևաններին: Հարավային Կովկասի անվատնգությունն ու կայունությունն անդրադառնում է ողջ Եվրոպայի անվատնգության ու կայունության վրա: Սակայն Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը կախված է ոչ միայն ասոցիացման մասին բանակցությունների հաջողությունից: Հարկավոր են նաև բուն Հայաստանի հետևողական ու մեծ ջանքերն ի նպաստ պետության, պետական վարչարարության բարեփոխման»,-ասել է Սիկորսկին:
Լեհաստանի ԱԳ նախարարը նշեց նաև, որ Արևելայն գործընկերության նպատակը ֆինանսական աջակցությունը չէ մասնակից երկրներին, դրանով այլ միջազգային կառույցներ են զբաղվում: «Գործընկերության նպատակն է այդ երկրների մերձեցումը ԵՄ-ին օրենսդրության, նորմերի ու չափանիշների ներդաշնակեցման ճանապարհով: ԵՄ-ն այդ նպատակով զգալի միջոցներ է հատկացրել` ընդհանուր առմամբ շուրջ 1,6 մլրդ եվրո: Պետք է նշել, որ այդ առումով Հայաստանը խոշորագույն շահառուներից է, և բնակչության մեկ անձին ընկնող հաշվարկով երկրորդ տեղում է: Այդպիսով, առաջին հերթին, հարկավոր է հոգալ, որ առկա միջոցներն արդյունավետորեն ծախսվեն, հետո արդեն կարելի է մտածել ֆինանսական ծախսերի ավելացման մասին»,-հայտարարել է Ռադոսլավ Սիկորսկին: