ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի ու Նիկոլյա Սարկոզիի վերջին հայտարարությունը կանադական Մուսկոկա քաղաքում, մասնավորապես, փախստականների վերադարձի մասին կետը, մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանը լքած հայ փախստականների շրջանում: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Պետական միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը: Նա ասել է, որ մեծաթիվ հայ փախստականներ են վերջերս դիմում Հայաստանի Պետական միգրացիայի վարչություն` պարզելու համար բնակության նախկին վայրերը վերադառնալու հնարավորությունները:
Գագիկ Եգանյանն ասել է նաև, որ ՀՀ կառավարությունը դեռևս չի կարողացել բնակարաններով ապահովել շուրջ 1100 հայ փախստական ընտանիքների: Նա ընդգծել է, որ այդ ծրագրի իրականացման համար շուրջ 45 մլն դոլար է հարկավոր: