22 հուլիսի 2010 - 19:04 AMT
Հուլիսի 1-ից ՀԿԵՈւ «Արմենիա» գնացքից օգտվել է շուրջ 5000 ուղևոր

Ըստ «ՀԿԵՈւ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության, հունիսի 15-ից հուլիսի 22-ը վաճառվել է Երևան-Բաթում-Երևան «Արմենիա» գնացքի 10 311 տոմս: Այդ քանակից հուլիսի 1-22-ը տոմս ձեռք բերած ուղևորների կեսից ավելին ` 3 875 տեղափոխվել է Բաթումի ուղղությամբ, 1 500-ը` հակառակ ուղղությամբ: 2009 թվականի նույն ժամանակահատվածում երկու ուղղությունների ուղևորների քանակը կազմել է 3 400, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ծառայությունների որակի հետագա բարձրացման համար բանակցություններ են ընթանում ռուսական ընկերության հետ տոմսերի էլեկտրոնային ամրագրման ու վաճառքի վերաբերյալ, որի արժեքը կազմում է 400 000 դոլար:

Ենթակառուցվածքները էլեկտրոնային համակարգին նախապատրաստելու համար «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության հետ համատեղ սկսել է տվյալների փոխանցման բարձր տեխնոլոգիական ցանցի ներդրումը Երևան-Արարատ և Երևան-Սևան ուղղությունների համար, ինչը հետագայում թույլ կտա ներդնել այդ ուղղություններով տոմսերի էլեկտրոնային ձևակերպման կարգը:

Միևնույն ժամանակ ուղևորափոխադրումների որակի բարձրացման նպատակով քննարկվում է Երևան-Բաթում լրացուցիչ գնացքի գործարկումը, որը կմեկնի շաբաթական երկու անգամ երեկոյան ժամերին: