22 հուլիսի 2010 - 19:40 AMT
Տիգրան Հայրապետյան. Թիվ 11 հատուկ դպրոցի տուժող աշակերտներին վախեցնում է ոստիկանությունը

«Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի գործողություններից տուժողն իր դիմումից հրաժարվել է ոստիկանական մարմինների ճնշման հետևանքով »,- հուլիսի 22-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է այդ գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշել է, որ Լևոն Ավագյանին Էրեբունի և Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրեն վերագրվող հանցագործություններում մեղավոր ճանաչելու և նրան 2 տարի ժամկետով ազատազրկելու մասին վճռի բողոքարկման գործընթացը բողոքարկման դատարանի դատավորը սկսեց այն բանից, որ հայտարարեց տուժողներից մեկի` դիմումից հրաժարվելու մասին:

«Դատից մի քանի օր առաջ տուժող աղջիկը զանգահարեց ինձ և հաղորդեց, որ իրեն ստիպել են հրաժարվել իր դիմումից»,- նշել է փաստաբանը: Նրա խոսքով, դատարանը գիտեր այն մասին, որ աղջկան վախեցրել են, սակայն նախագահող դատավորը նշել էր, թե ինքն անձամբ ծանոթ չէ ոչ տուժողի, ոչ էլ նրա մոր հետ:

«Վկայակոչելով մեղադրյալ Լևոն Ավագյանի պաշտպանի և տուժող կողմի բացակայությունը` դատավորը հետաձգեց լսումները, ինչը քաղաքացիների իրավունքների բացահայտ ոտնահարում է: Այդպիսով, դատարանը բացահայտ կերպով ցույց տվեց, որ կատարում է ինչ-որ մեկի կամքը»,- նշել է փաստաբանը` ավելացնելով, որ դատի հետաձգման այս անորոշ ժամանակահատվածում ոստիկանական մարմիններին կհաջողվի վախեցնել նաև մյուս տուժողին: