Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի ելույթը նոր հարցեր բարձրացրեց և հաստատեց այն մտավախությունը, որ նա այն մարդը չէ, ով պետք է ԱՄՆ-ն ներկայացնի Բաքվում: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Լսումները վեր հանեցին մի շարք լուրջ թերություններ, որոնք տեղ են գտել Բրայզայի դիվանագիտական գործունեության մեջ: Այդպիսիներից են` նրա անկարողությունը, որ ցուցաբերեց չկարողանալով հակազդել Ադրբեջանի ռազմատենչ ելույթներին և Ջուղայում հայկական գերեզմանոցի ոչնչացմանը, նրա հայտարարությունը, որի համաձայն, իր կինը խոստացել է Ադրբեջանի հանդեպ պետքարտուղարության վարած քաղաքականությունից հեռու մնալ` վստահություն չի ներշնչում, քանի որ Բրայզան իր տասը տարվա ծառայության ընթացքում անմիջական կապ ուներ Բաքվի և Կասպիցի էներգետիկական հարցերի հետ», - ընդգծել է Արամ Համբարյանը: Նշենք, որ Բրայզայի կինը Հադսոնի ինստիտուտի եվրոպական քաղաքականության կենտրոնի տնօրենն է, ում եկամուտները կապ ունեն Ադրբեջանում և կասպիական տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտական գործունեության հետ:
ANCA-ի գործադիր տնօրենը նշել է, որ հայկական համայնքը երախտագիտություն է հայտնում սենատորներ Բարբարա Բոքսերին և Ռոբերտ Մենենդեսին` նրանց գործադրած այն ջանքերի համար, որպեսզի Սենատը հաստատի այնպիսի մեկի թեկնածությունը, ով կարող է ազդու կերպով պաշտպանել ԱՄՆ-ի շահերն ու արժեքները Կովկասում: