23 հուլիսի 2010 - 17:44 AMT
ՀՀ կառավարությունը քննարկեց հրատարակչությունների խնդիրները

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։ Բացի դրանից, անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։

Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։