27 հուլիսի 2010 - 15:12 AMT
Կարեն Բեքարյան. Ստեփանակերտը պետք է սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը

Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի կողմից անկախության հռչակման օրինականության վերաբերյալ հարմար առիթ ստեղծեց, որպեսզի Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն կոնկրետ գործընթաց սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, այն փաստն, որ այսօր ղարաբաղյան կողմն անմիջական մասնակցություն չունի բանակցություններին, թույլ է տալիս Ստեփանակերտին պակաս կաշկանդված լինել նման նախաձեռնություններում: Ինչպես նշել է փորձագետը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործին պետք է լծվի նաև ԼՂՀ քաղաքացիական հատվածը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանի քայլերին այդ ուղղությամբ, ապա, ըստ Բեքարյանի, նա պետք է ակտիվացնի իր խորհրդարանական դիվանագիտությունը: «Միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով կարելի է նախաձեռնել ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված քայլեր Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների կողմից: Հայկական սփյուռքն, իր հերթին, պետք է նպաստի Հայաստանին ու ԼՂՀ-ին այս գործընթացում»,-ասել է «Եվրոպական ինտեգրացիայի» նախագահը:

Փորձագետը նշեց, որ Հաագայի դատարանի որոշումն, անկասկած, կանդրադառնա Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա: