28 հուլիսի 2010 - 11:57 AMT
Արթուր Հովհաննիսյան. Հայ-վրացական բարեկամության մասին խոսքերը ոչ ոքի չեն մոլորեցնում

Այժմ Աջարիայում ընդամենը 10 հազար հայ է մնացել, որոնցից 8 հազարը բնակվում է Բաթումում: Այդ մասին Բաթումում հայտարարել է Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ նրա, մի քանի տարի առաջ հայերը Աջարիայում 27 հազար էին, սակայն շատերը հեռանում են աշխատանքի և հեռանկարի բացակայության պատճառով: «Հայ համայնքը անհետացման եզրին է հայտնվել, չկան դասագրքեր, դպրոցը կիսավեր վիճակում է, չկան ուսուցիչներ: Մեր ուսուցիչները վաղուց արդեն թոշակի են անցել, իսկ նոր կադրեր չկան: Եթե Հայաստանի իշխանությունները չօգնեն մեզ ուսումնական ձեռնարկներով և կադրերով, կարող ենք ասել, որ հայ համայնքն ուղղակի կանհետանա»,-ասել է Հովհաննիսյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բաթումից, նա նշեց նաև, որ Վրաստանում հայերին շատ վատ են վերաբերվում և հայ-վրացական բարեկամության մասին խոսքերը ոչ ոքի չեն մոլորեցնում: «Այնուամենայնիվ, մենք այստեղից ոչ մի տեղ մտադիր չենք հեռանալ, ով մնացել է, կպայքարի հայ մնալու իրավունքի համար անկախ ամեն ինչից»,-ասել է համայնքի ղեկավարը: