
Թբիլիսիի և այլ շրջանների այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիները» վրացական են, ոչ թե հայկական: Այդ մասին հայ լրագրողներն է հայտարարել Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Ըստ նրա, պատմաբանների վերջին հետազոտությունները միայն հաստատեցին դա: «Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել ֆիզիկական անձի, ինչպիսին է ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդը: Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավաբանական անձանց: Իսկ ՀԱԵ-ն Վրաստանի տարածքում նման կարգավիճակ չունի»,-ասել է նա: Վրաստանի ԱԳ փոխնախարարը գտնում է, որ եկեղեցիները վերադարձնելու հայ համայնքի պահանջները անհիմն են:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Թբիլիսիից, ըստ Նալբանդովի, հայ-վրացական հարաբերությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կազմակերպություններում, օրինակ, ՄԱԿ-ում, քվեարկեր Վրաստանի առաջարկած բանաձևերի օգտին: Այն հարցին, թե ինչու Վրաստանը չի անում այն, ինչի համար հանդիմանում է Հայաստանին, փոխնախարարը հայտարարեց, որ յուրաքանչյուր երկիր ղեկավարվում է սեփական շահերով: Նա հայտարարեց նաև, որ շատ հարցերում Վրաստանն ընդառաջում է Հայաստանին և որպես օրինակ բերեց Վերին Լարս անցակետի բացումը և ռուսական գազի տարանցումը Հայաստան վրացական տարածքով: Այն մասին, որ Վրաստանը որոշակի եկամուտ է ստանում տարանցումից, դիվանագետը լռեց:
Ինչ վերաբերում է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, ապա Ալեքսանդր Նալբանդովն ընդգծեց, որ Թբիլիսին միշտ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ «ցանկացած ձևաչափով, առանց նախապայմանների և հավասար իրավունքներով»: