29 հուլիսի 2010 - 12:30 AMT
Մոսկվայում վախճանվել է հայտնի օպերային երգչուհի Արաքս Դավթյանը

Մոսկվայում վախճանվել է հայտնի օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական դերասանուհի և Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Արաքս Դավթյանը: Դավթյանն իր մահկանացուն կնքեց 61 տարեկանում, մահվան պատճառների մասին չի հայտնվում:

Դավթյանի սոպրանոն հայտնի էր ինչպես Ռուսաստանում, Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նա նաև վոկալի հրաշալի ուսուցիչ է: Խաղացել է Ռուստամ Խամդամովի «Վոկալի զուգահեռներ» ֆիլմում, հաղորդում է Rosbalt.ru-ն:

Դավթյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան 1975 թվականին, իսկ 1979-ին դարձել է Գլինկայի անվան վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր: 1975-80 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի իլյուստրատոր:

Այնուհետև Դավթյանը եղել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մենակատարը մինչև 1986 թվականը, որից հետո ընդգրկվել է Հայաստանի Պետհեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Վիոտտիի անվան երաժշտության և պարի միջազգային մրցույթում`Վարչելիում Արաքս Դավթյանի հաղթանակից հետո, նրան հրավիրեցին Մեծ թատրոն:

Երգչուհին համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: Արաքս Դավթյանը հանդես է եկել նաև Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի հետ, որի ղեկավարն է Կոնստանտին Օրբելյանը: