29 հուլիսի 2010 - 12:46 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն անբավարար է համարում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Երևանի ու Բաքվի ջանքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հուլիսի 28-ին Վիեննայում հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում միջնորդները տեղեկացրել են Մինսկի խմբի անդամներին հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման, ինչպես նաև Ալմաթիում և Մուսկոկայում արված համանախագահ երկրների համատեղ հայտարարությունների մասին:

Համանախագահներն ընդգծեցին, որ Երևանի ու Բաքվի գործադրած ջանքերն անբավարար են առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների հասնելու համար:

Միջնորդները մտադիր են տարածաշրջան այցելել սեպտեմբերի սկզբին: