29 հուլիսի 2010 - 21:14 AMT
Արմեն Գևորգյանն ընդունել է Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին և Ալինա Տատարենվովային

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հուլիսի 29-ին ընդունել է Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին և Ալինա Տատարենվովային, որոնց հետ քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

ԵԽ փորձագետները խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն են ցուցաբերում մի շարք օրինագծերի մշակման, տեղական ինքնակառավարման համակարգի և վարչատարածքային բարեփոխումների հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձել են «Համահարթեցման մասին» օրենքի նախագծին, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնցում հաշվի են առնվելու «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի առանձին լուծումներ:

Կողմերը քննարկել են նաև ապակենտրոնացման գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: