Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման շրջանակներում 2014-15թթ. կգործեն կյանքի ապահովագրության 2-3 ընկերություններ, որոնք ներկայացված կլինեն որպես ինստիտուցիոնալ ներդրողներ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «Ամեն ինչ կախված է բարեփոխումների էությունից. Եթե նրանք ստիպեն բնակչությանը իրենց հայացքը դարձնել դեպի մասնավոր կապիտալ և ապահովագրվել մասնավոր կենսաթոշակային և ապահովագրական ընկերություններում, այսինքն կուտակային ապահովագրություն անցկացնել, ապա այստեղ կաշխատի «պահանջարկը առաջարկ է ծնում» սկզբունքը»,-ասել է նա:
Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրության հայկական շուկան կարող է հետաքրքրել այն երկրների ընկերություններին, որոնք ավանդաբար ուժեղ են այդ ոլորտներում` Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, սկանդինավյան երկրների: «Այնտեղ բարձր են վճարումները հենց կուտակային ապահովագրությամբ, սակայն թե ով կոնկրետ կհետաքրքվի, դժվարանում եմ ասել, գուցե, մենք»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԿԲ վարկային կազմակերպությունների նվազագույն կապիտալի ավելացմանը, ապա այդ կապակցությամբ նա ասել է, որ այսօրվա օրով շուկայում գործում է 8 ընկերություն, իսկ նրա կազմավորումից հետո կպահանջվի առավելագույնը 2-3 ընկերություն: «Մնացած ընկերությունները կաշխատեն շուկայում անկախ կանոնադրական կապիտալի չափից»,-ասել է նա:
Լևոն Ալթունյանը հավելել է, որ եթե շուկա դուրս գան կյանքի ապահովագրման ներդրողները, ապա դա կլինեն ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնց «պետք է որ չկանգնեցնի կանոնադրական կապիտալի չափը»:
Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին ունիվերսալ վարկային կազմակերպությունների կապիտալը 150 մլն պետք է հասնի 1 մլրդ դրամի: