30 հուլիսի 2010 - 15:15 AMT
Աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ արդեն առասպելներ են հյուսվում

Հայաստանի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչները չեն հավատում, որ իրենց գյուղում կառուցվելու է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Տաթևի ճոպանուղու շինարարական աշխատանքների ու ենթակառուցվածքների ղեկավար Արտաշես Ղազախեցյանը, գյուղի բնակիչները կապում են շինարարական աշխատանքների ուրանի հանքերի հետ, որտեղից ուրանն, իբր, տեղափոխվելու է այդ ճանապարհով: Կարծիք է հայտնվում նաև, որ այստեղ են տեղափոխել Ջերմուկի հին, վերանորոգված ճոպանուղին: Այս լուրերի առնչությամբ աշխատանքների ղեկավարը նշեց, որ նման դասի ճոպանուղիները պատրաստվում են համապատասխան գործարանում`ճոպանից սկսած մինչև վերջին ամրակը:

Արտաշես Ղազախեցյանը հավելեց նաև, որ դեպի Տաթևի վանք տանող ճոպանուղու կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությունն օգտագործում է իր տեխնիկան, որն աշխատանքների ավարտին կտանի իր հետ: Բնակիչներն ասում են, որ այդ սարքերն արդեն հին են և օգտագործված և չեն հավատում, որ նոր ճոպանուղի է կառուցվում: Ծրագրի ղեկավարը բացատրեց դա նրանով, որ գյուղացիների կյանքում այնքան վաղուց լավ բան չի պատահել, որ նրանք այժմ ամեն ինչին անվստահությամբ են մոտենում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դրական փոփոխություններ կբերի իր հետ ճոպանուղու կառուցումը Հալիձորի համար, Արտաշես Ղազախեցյանը նշեց, որ առաջին հերթին, կապիտալ վերանորոգման է ենթարկվում ճանապարհը, որտեղ վերականգնողական աշխատանքներ չեն տարվել 1970-ականներից ի վեր: Ավելին, ճոպանուղու շնորհիվ կտրուկ կաճի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Տաթևի վանքի հանդեպ: Երկրորդը, Տաթևի զբոսաշրջային համալիրն այլընտրանք կհանդիսանա ավանդական վայրերին` Գառնիին, Գեղարդին, Սևանին, այդ թվում, նաև տեղաբնակների համար:

«Մինչ օրս բավականին դժվար էր հասնել Սյունիքի մարզ տարածության և դժվարանցանելի ճանապարհի պատճառով, ինչն էլ ազդում էր զբոսաշրջիկների կողմից հանգստի վայրի ընտրության վրա: Այժմ դա շատ ավելի դյուրին կլինի»,-ասել է Արտաշես Ղազախեցյանը: