
Ռուսաստանի ջավախահայերի համայնքը Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովին հայ ազգի թշնամի է հայտարարել: PanARMENIAN.Net-ի ստացած ՌՋՀ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը հայտնել է, որ Վրաստանի հայ համայնքի իր մի քանի «վիճահարույց» եկեղեցիների վերադարձի մասին պահանջը ոչ մի հիմնավորում չունի: Նրա խոսքով, պատմաբան գիտնականների վերջին հետազոտությունները միայն հաստատեցին, որ այն եկեղեցիները, որոնց հավակնում է հայ համայնքը, վրացական են: Բացի դրանից, նա ընդգծել է, որ Վրաստանը չի կարող պատմական հուշարձաններ փոխանցել ֆիզիկական անձին, որպիսին հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վիրահայոց թեմի առաջնորդը: Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավական անձանց, իսկ ՀԱԵ-ն այդպիսին չի հանդիսանում Վրաստանի տարածքում»:
Ռուսաստանի ջավախահայ համայնքն Ալեքսանդր Նալբանդովին համարում է հատուկ ծառայությունների գործակալ և վտանգավոր թշնամի ողջ վրաց ժողովրդի համար: Նա հանդիսանում է Ռուսաստանի հասցեին կեղտոտ արտահայտությունների և Վրաստանի տարածքից հայերին դուրս մղելու պատվիրված առաքելության կատարման հատուկ դրածո:
«Մենք` Ռուսաստանի ջավախահայ համայնքի ներկայացուցիչներս, Ալեքսանդր Նալբանդովին հայ ազգի թշնամի ենք հայտարարում և բոլոր հայերին կոչ ենք անում տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի բոլորը` փոքրից մինչև մեծը, ճանաչեն մեր Ազգի կոծկված թշնամուն: Մենք աշխարհի բոլոր հայերին կոչ ենք անում ներս չթողնել այս քաղաքացուն և խուսափել նրա հետ ամեն տեսակի շփումից, իսկ հայ պատմաբաններին խնդրում ենք նրա անունը ներառել բոլոր պատմական աղբյուրներում, որպեսզի մեր սերունդները ճանաչեն ու անիծեն այս ցեղը, ինչպես կանիծեն իրենց թշնամուն»: