30 հուլիսի 2010 - 17:01 AMT
Հովիկ Աբրահամյանը հորդորել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության:

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հանդիսանում»:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը` անտեսելով համանախագահների կողմից հռչակած` հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը: Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձեւին` պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները»:

Նամակում ասվում է նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը հանդես եկան հայտարարությամբ, որով վերահաստատեցին 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Նրանք ընդգծեցին, որ նշված սկզբունքներն ու տարրերն ընկալվում են որպես մի ամբողջություն, եւ որեւէ փորձ` ուղղված որոշ տարրերին նախընտրություն տալուն ի հաշիվ մյուսների, անհնար կդարձնի խնդրի հավասարակշռված լուծումը: «Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների եւ անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որեւէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որեւէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի: Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին եւ նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում եւ չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գործընթացում:

Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պարոն Նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում եւ առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց», ասվում է Հովիկ Աբրահամյանի նամակում, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: