4 օգոստոսի 2010 - 17:51 AMT
Հարութ Սասունյան. Հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման վրա

Անցյալ շաբաթ, Թուրքիայի կառավարության դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ներկայացրած դատական հայցի մասին ցնցող լուրը հայտնվեց թուրքական թերթերի առաջին էջերում՝ մեծ հուզումներ առաջացնելով երկրում, գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Հայերը միլիարդավոր դոլարների հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի» հոդվածում: Ըստ նրա, անկախ դատական գործի արդյունքներից, թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանությունից բխող հայկական պահանջների աշխարհով մեկ բացահայտմանը: «Հաշվի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական ավանդական հակազդեցությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրույթով բռնված հետ կանչեն իրենց ստորագրությունն արդեն իսկ սառեցված հայ-թուրքական արձանագրություններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարվել հայկական սփյուռքի որոշ տարրերի սիրաշահելու անհաջող փորձերից»,-ասվում է հոդվածում:

«Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա: Ավելին, «Ինջիրլիկ» ավիաբազան, Ադանայի մոտ գտնվող թուրք-ամերիկյան համատեղ ռազմական օբյեկտը կառուցվել է նախկին հայկական գյուղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կառավարություններին` հայ գյուղացիներից բռնագրավված գույքի շահագործումից օգուտ ստանալու համար»,-գրում է Հարութ Սասունյանը:

Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրը գտնում է, որ անցյալ շաբաթվա դատական հայցը վաղուց սպասված քայլ էր՝ Թուրքիայից հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելու և Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրա: Նման հայցերով պետք է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է հաշվի առնել այդ դատարանի դատավճիռը: «Շատ ցանկալի կլիներ, որ Հայ փաստաբանների միությունը կամ համանման մի կառույց համակարգեր այսպիսի դատական հայցերը և անհրաժեշտ խորհրդատվություն ու միջոցներ տրամադրեր հետագա հայցերի ներկայացման համար: Շատ կարևոր է նման գործողությունների համակարգումը Հայաստանի կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտոնապես կմիանա այս հայցին, թե ոչ: Սփյուռքի միասնական կառույցը, որն առաջարկել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, լիովին կարող էր որպես համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար»,-ասվում է հոդվածում:

Այսպիսի հայցերը պետք է ներկայացնել առանձնահատուկ հոգածությամբ, նախապատրաստությամբ և արհեստավարժությամբ, քանզի դրանք մեծ հետևանքներ կունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթե այս դատական հայցերից որևէ մեկը, ընթացակարգային խնդիրների պատճառով հաջողության չհասնի, թուրքական կառավարությունն արագորեն կհայտարարի հաղթանակի մասին` խեղաթյուրելով դատարանի որոշումը: Ավելորդ է նշել, որ օտարերկրյա կառավարություններին առնչվող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պետք է ակնկալել, որ դատավորները կհայտնվեն թե Անկարայի, և թե Վաշինգտոնի հզոր ճնշման տակ:

Գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպետք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու և պատմական իրավունքները վերականգնելու համար, օգտագործելով իրավական բոլոր միջոցները՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում, գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում: