ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման և ՀՀ պետական բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը: ՀՀ կրթության և գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով:
ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետևյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը` միասնական քննությունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկանական ակադեմիային: Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատեց նաև ՀՀ բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերը և տրամադրեց բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը: