«Մեր կենդանաբանական այգու վանդակների 50 տոկոսը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Յուրաքանչյուր կենդանաբանական այգի ունի իր մեծ ու փոքր հիմնախնդիրները: Մեծ խնդիրների լուծման հարցում մեզ օգնում է Երևանի քաղաքապետարանը, իսկ փոքրերը ինքներս ենք փորձում լուծել», - օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
Նրա խոսքերի համաձայն, նույնիսկ ճգնաժամի պայմաններում Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգու բյուջեն չի կրճատել, այլ այգու վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հատուկ ծրագիր է մշակել:
«Քանի որ Հայաստանի ոչ մի ԲՈՒՀ-ում վայրի բնությունն ու կենդանիներին չեն ուսումնասիրում, ապա Երևանի քաղաքապետը առաջարկել է հիմնել վայրի կենդանիների ու վայրի բնության ուսումնասիրման քոլեջ, որն առաջինը կլինի տարածաշրջանում», - նշել է Սահակ Աբովյանը:
Նա նաև նշել է, որ կենդանաբանական այգում կենդանիների համար ազատ վանդակները չեն բավարարում, որը այգու հիմնական խնդիրն է: «Մեր այգում, օրինակ` հիմա ապրում է 9 առյուծ, որը ավելի է, քան պետք է, և նրանց պահելը բարդանում է», - հայտնել է Աբովյանը:
Կենդանաբանական այգու տնօրենն ասել է, որ այգու կարիքների համար ծախսվել է 5 մլն դրամ, որի միջոցով փոխվել են ջրմուղային խողովակները, այգու լուսավորման և ասֆալտապատման աշխատանքներն են իրականացվել: Կենդանաբանական այգու բոլոր հոգսերի համար տրամադրվել է 187 մլն դրամ: «Մարդիկ, եթե վանդակներից վատ հոտ են զգում, դրա պատճառը վանդակների բետոնե ծածկն է: Եթե դրանք հողով ծածկված լինեին, ապա հոտ չէր գա», - ընդգծել է կենդանաբանական այգու տնօրենը:
Նա նաև նշել է, որ սեպտմբեր-հոկտեմբեր ամիսներին կենդանաբանական այգին կհամալրվի կենդանիների նոր տեսակներով, դրանք են` մադրիլ տեսակի կապիկը, Դավթի եղջերուն, Բենետա կենգուրուն, սովորական վարին, այծեղջյուրը և եգիպտական թռչող շները: Հայաստանի կենդանաբանական այգին դրանք փոխանակում է` Նիկոլաևյան կենդանաբանական այգուն տալով հազվագյուտ տեսակի վայրի թռչուններ:
Երևանի կենդանաբանական այգում կա 215 տեսակի ավելի քան 2300 գլուխ կենդանի: Դրանց մեջ կան նաև հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են հայկական վայրի խոյը, բեզոարյան այծերը: Սակայն այս տարի այգու այցելուների թիվը նվազել էր, որի պատճառը մայիսին տեղացող անդադար անձրևներն էին, իսկ հունիսին` խիստ շոգը, ինչպես նաև Մյասնիկյան պողոտայում տարվող վերանորոգման աշխատանքները, որի հետևանքով կենդանաբանական այգու մոտ հոծ խցանումներ էին գոյանում:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով, Ս. Աբովյանն ասել է, որ կենդանաբանական այգի են այցելում նաև սակավաթիվ զբոսաշրջիկներ: