6 օգոստոսի 2010 - 15:42 AMT
Արմեն Աշոտյան. Հայ դիմորդների ընդունելությունը բուհ պետք է տեղի ունենա առանց ցնցումների

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի անցումը դպրոցից բուհ տեղի ունենա առանց լուրջ ցնցումների: Այդ մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը դրական է գնահատում ընդունելության քննությունների կազմակերպման նոր մեխանիզմի կիրառումը` իրավասությունների բաշխումը Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) միջև: «Նախարարության և ԳԹԿ իրավասությունների բաշխումը հանգեցրել է քննությունների անցկացման մակարդակի բարձրացմանն ու չի կանգնեցրել նախարարության աշխատանքը»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը հիշեցրել է, որ դիմորդների ծնողներին բազմիցս կոչ է արել հանգստություն պահպանել և չլարվել, քանի որ այս տարի բուհերին հատկացված ուսանողական տեղերի քանակը գերազանցում է 2009 թվականին հատկացված տեղերի քանակը: «Այս տարի մենք ջանացել ենք ապահովել բարձրագույն կրթություն ստանալու դիմորդների իրավունքը` հատկացնելով առավելագույն քանակության տեղեր: Արդյունքում այնպես ստացվեց, որ հատկացված տեղերն ավելի շատ էին, քան դիմորդների քանակը: Դա արվեց ընդունելության քննությունների շուրջ լարվածությունը մեղմացնելու և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով»,- ասել է նախարարը:

Նա հաղորդել է, որ այս տարի Հայաստանի պետական բուհեր են ընդունվել մոտավորապես 11 500 դիմորդներ, ինչն անցյալ տարվա համեմատ քիչ է 2000-ով: