ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ «Սևան-Հրազդան կասկադի» Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցում` այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Սևանա լճի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված` ձկնորսիչ կառույցում ընթանում են կառույցի պատնեշների բարձրացման աշխատանքներ, որի իրականացման համար «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը ներգրավել է վարկային միջոցներ:
Փոխվարչապետին տեղեկացրին, որ աշխատանքներն ընթանում են առանց թերությունների և առաջիկայում կավարտվեն, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: