Հայաստանը տեղ չի թողել նրա համար, որպեսզի Թուրքիան շահագրգռված լինի հայ-թուրքական Արձանագրությունները վավերացնելու մեջ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Միաժամանակ նա նշել է, որ չվավերացնելով Արձանագրությունները, Թուրքիան արդեն ստացել է նրա 80 տոկոսը, ինչը նա սպասում էր դրանց վավերացումից: Մի շարք երկրներ, հիմնվելով Արձանագրությունենրի ստորագրման փաստի վրա, որոնցում կետ կա նաև պատմական հանձնաժողով ստեղծելու մասին, հայտարարել են, որ քանի որ երկրները գտնվում են հարաբերությունների կարգավորման փուլում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման անհրաժեշտություն չկա: Նա նաև նշեց, որ Արձանագրությունների ստորագրումը Թուրքիային արդեն թույլ է տվել միջազգային հանրության մոտ կարծիք ստեղծել, որ Հայաստանը սահմանների վերաբերյալ արդեն ոչ մի պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ:
Արձանագրությունները թույլ են տվել նաև Անկարային խառնվել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, «ընդ որում պետք է նշել, որ դրա փոխարեն Անկարան ոչինչ չի տվել»,- ասել է Մանոյանը: