13 օգոստոսի 2010 - 17:40 AMT
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նվիրել է 61 տրակտոր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ներկա գտնվեց Ճապոնիայի կառավարության Հայաստանին տրամադրած 61 տրակտորների հանձնման արարողությանը, որին մասնակցում էին նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար Ջիրո Իիդան և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության մի շարք ներկայացուցիչներ:

Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք կբաշխվեն հանրապետության մարզեր:

Այս աջակցությունը կարևոր է ֆերմերների համար, ինչը հնարավորություն կտա նրանց գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և ավելի արդյունավետ կազմակերպել:

Գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով` Ճապոնիայի «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA)» դրամաշնորհային աջակցություն սակավ ապահով ֆերմերների համար» ծրագրի շրջանակում:

1997 թվականից սկսած Հայաստանին տրամադրած Ճապոնիայի կառավարության դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք է բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն ու 366 տարբեր հզորության տրակտորներ` համալրված համապատասխան գյուղատնտեսական գործիքներով` ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: