13 օգոստոսի 2010 - 20:16 AMT
Աշոտ Հարությունյան. Երևանը միատեսակ խաղաքարերով շախմատի տախտակի է նմանվել

«Վերջերս կառուցված և Երևանի ամենաժամանակակից հատվածը համարվող Հյուսիսային պողոտայի շենքերն իրենց նախագծով հիշեցնում են 80-ամյա հնության ամերիկյան շենքերը: Դա վկայում է այն մասին, որ Հայաստանում ճարտարապետությունը 80 տարով հետ է մնացել համաշխարհային չափանիշներից, և մենք լրջորեն պետք է մտածենք մեր քաղաքի դեմքը փոփոխելու մասին»,- օգոստոսի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է ճարտարապետ-ինժեներ Գևորգ Գասապյանը:

Նկարիչ Աշոտ Հարությունյանը նշել է, որ Երևանում կա Վահան Տերյանին նվիրված 3, Անդրանիկին նվիրված 2, Վահագն Վիշապաքաղին նվիրված 4 հուշարձան, և այդ միտումը պետք է փոխել: «Մենք այդ քանդակների հեղինակներին ուղղված ոչ մի բողոք չունենք, բայց հարկավոր է վերանայել այդ հուշարձանների զբաղեցրած վայրերը, քանի որ Երևանը միատեսակ խաղաքարերով շախմատի տախտակի է նմանվել»,- նշել է նա:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` Գևորգ Գասապյանն ընդգծել է, որ պատրաստ է Երևանին նվիրել իր մի շարք աշխատանքներ և արդեն մի քանի նախագծեր է մշակել քաղաքի համար, որոնք կսկսի իրականացնել, եթե քաղաքի իշխանությունները համաձայնություն տան: Արվեստագետի խոսքով, ճարտարապետներն ու քանդակագործները պետք է միշտ համագործակցեն քաղաքաշինության ոլորտում, քանի որ համատեղ ջանքերով նրանք կերտում են քաղաքի դեմքը: «Մենք պետք է աշխատենք մեր քաղաքի դեմքի փոփոխման շուրջ»,- նշել է Գևորգ Գասապյանը: