16 օգոստոսի 2010 - 12:57 AMT
Երևանում կայացել է շախմատի առաջին համահայկական օլիմպիադայի բացման արարողությունը

Օգոստոսի 14-ին Շախմատի ակադեմիայի բակում կայացել է շախմատի առաջին համահայկական օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ համահայկական օլիմպիադայում կհաղթեն հայերը և Հայաստանը: «Մեր մրցաշարի նպատակն է զարգացնել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերը և տարածել հայկական շախմատային ավանդույթները: Մենք ցանկանում ենք, որպեսզի շախմատը տարածված և սիրված լինի ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում ապրող հայ երիտասարդների մոտ»,- ասել է Հակոբյանը:

Իր խոսքում Սմբատ Լպուտյանը ողջունել է բոլոր մասնակիցներին և ասել, որ Հայաստանը որպես շախմատային երկիր ուրախ է ընդունել ողջ աշխարհի հայ շախմատիստներին, և օլիմպիադան տոն կդառնա բոլոր մասնակիցների համար:

Առաջին շախմատային քայլը կատարեց ամենակրտսեր մասնակիցը` 10-ամյա Սամվել Սևյանը Սան Ֆրանցիսկոյից: Մրցաշարը կընթանա անհատական և խմբակային պայքարում շվեյցարական համակարգով: Մրցակիցները կորոշվեն վիճակահանությամբ: Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ունի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Համահայկական օլիմպիադան տեղի է ունենում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և կավարտվի օգոստոսի 23-ին: Դրան մասնակցում են 12 թիմեր 10 երկրներից: Յուրաքանչյուր թիմը ներկայացնում են 3 պատանիներ և մեկ աղջիկ, որոնց շարքում` 11 գրոսմայստերներ, 10 միջազգային վարպետներ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ: Թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով. Հայաստան և Ռուսաստան (2-ական թիմ), Արցախ, ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա (մեկական թիմ):