Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան կժամանի` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 20-21-ին, Երևանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրից:
Ավելի վաղ ՀԱՊԿ կայքէջում հաղորդում կար այն մասին, որ գագաթաժողովի գլխավոր թեմաներից մեկը վերաբերելու է Ղրղըզստանում տիրող իրավիճակին: «Սպասվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները կքննարկեն հանրապետությունում տիրող իրավիճակը և այն կարգավորելու ուղղությամբ ՀԱՊԿ հավաքական միջոցառումների իրականացումը», - ասվում է ՀԱՊԿ մամլո հաղորդագրության մեջ:
Մոսկովյան «Կոմերսանտը» որոշ ժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ սրված հարաբերությունների պատճառով Բելառուսի նախագահը կարող է նաև չմասնակցել Երևանում տեղի ունենալիք գագաթաժողովին:
Գագաթաժողովին իր մասնակցությունը դեռևս չի հաստատել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: