19 օգոստոսի 2010 - 12:00 AMT
Ռոումինգ ծառայության միացումը Լեռնային Ղարաբաղում Beeline բաժանորդների համար այժմ կկատարվի ավտոմատ կերպով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են Ղարաբաղ Տելեկոմի ցանցում:

«Շարունակաբար զարգացնելով ծառայությունների տրամադրման համակարգը` «ԱրմենՏել» ընկերությունը հաճախ անակնկալներ է մատուցում իր բաժանորդներին գների տեսանելի իջեցման կամ տվյալ ծառայությունից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու տեսքով: Այժմ միասնական օպերատորի բաժանորդները Լեռնային Ղարաբաղ մեկնելուց առաջ ստիպված չեն լինի անհանգստանալ ռոումինգ ծառայությունը նախապես ակտիվացնելու համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում ռոումինգ ծառայության ակտիվացման արժեքը նախկինում կազմում էր 15000 դրամ ֆիզիկական և 30.000 դրամ իրավաբանական անձանց համար: Ողջ գումարը փոխանցվում էր բաժանորդի հաշվեկշռին:

Երբ Դուք գտնվում եք Հայաստանի տարածքում Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար «ԱրմենՏել» ընկերությունը խորհուրդ է տալիս իր բաժանորդներին օգտվել հեռախոսի մենյուի մեջ ցանցը փնտրելու մեխանիկական եղանակից և ընտրել Beeline բջջային ցանցը, հաղորդում է«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: