19 օգոստոսի 2010 - 17:45 AMT
Կարաչաևո Չերկեսիայում հոկտեմբերին կանցկացվի երիտասարդ գիտնականների համաժողով

Երիտասարդ գիտնականների «Կովկասում գիտությունն ու կրթությունը. տարածաշրջանի զարգացման խնդիրները, հեռանկարներն ու ներդրումները» խորագրով միջազգային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ին Կարաչաևո Չերկեսիայի Հանրապետությունում: PanARMENIAN.Net-ին Ռուսաստանի երիտասարդ գիտնականների միությունից հայտնել են, որ համաժողովի ընթացքում կանցկացվեն լիակազմ նիստեր և թեմատիկ բաժիններ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել Կովկասի գիտության և կրթության բնագավառի զարգացման ժամանակակից միտումները, երիտասարդությանը գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության մեջ ներգրավելու վերբերյալ փորձի փոխանակման հարցեր, Կովկասի տարածաշրջանի և երկրների գիտության ու կրթության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման հեռանկարային ուղիների մշակման գործընթացներում երիտասարդ գիտնականների մասնակցության ակտիվացման միջոցները:

Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվում են` երիտասարդ գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, գիտոթյան և կրթության բնագավառում միջազգային համագործակցության հարցերով փորձագետներ, պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչներն են` Ռուսաստանի երիտասարդ գիտնականների միության Կարաչաևո Չերկեսկի տարածաշրջանային բաժինը և Կարաչաևո Չերկեսկի պետական տեխնոլոգիական ակադեմիան` ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ: