20 օգոստոսի 2010 - 15:15 AMT
Սերժ Սարգսյան. Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներդրած զգալի ավանդի համար

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների արդի հարցեր` անդրադառնալով նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին»,- ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, բանակցություններում գլխավորը ռազմատեխնիկական համագործակցությունն է, նոր ԱԷԿ-ի շինարարությունը, Գյումրիի ռուսական ռազմաբազան և առևտրատնտեսական հարաբերությունները:

«Մենք նաև քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված միջազգային իրավունքի վրա: Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին ղարաբաղյան կարգավորման մեջ ներդրած զգալի ավանդի համար: Դա վերաբերվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ռուսաստանի նախագահի հովանու ներքո և ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սանկտ-պետերբուրգյան սկզբունքներին»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա նաև կարևորել է միջտարածաշրջանային կապերը և հիշեցրել, որ վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի ունեցած որոշակի անկումից հետո: «Դա նշանակում է, որ մեր տնտեսությունները վերականգնվում են»,- ասել է Սերժ Սարգսյանը: