20 օգոստոսի 2010 - 15:50 AMT
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Լիբանան

Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմեկնի Լիբանանի Հանրապետություն` մասնակցելու Այնճար գյուղի հիմնադրման 70-ամյա և Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հոբելյաններին նվիրված պաշտոնական ձեռնարկի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կընթերցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և հանդես կգա ելույթով:

Հրանուշ Հակոբյանը Այնճարի 70-ամյա և Մուսա լեռան Հերոսամարտի 95-ամյա հոբելյանների առթիվ` Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների համար, կրթական բնագավառների զարգացման, ինչպես նաև Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար մի շարք այնճարցիների կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներ:

Այնճարում նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սուրբ Պողոս եկեղեցի:

Լիբանանից Հրանուշ Հակոբյանը մեկօրյա այցով կմեկնի Հալեպ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: