Ռուսաստանը դաշնակցական պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը: Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, ՌԴ-ի` որպես տարածաշրջանի խոշորագույն և ամենահզոր պետության խնդիրը կայանում է խաղաղության և իրավակարգի օժանդակման մեջ: Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում Ռուսաստանը հզոր պետություն է ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանական հնարավորություններով: «Եվ, բնականաբար, մենք մեր ռազմավարական պարտավորություններն ունենք ՀԱՊԿ անդամների առջև, որոնցից մեկը Հայաստանն է»,- ասել է Մեդվեդևը` ավելացնելով, որ մնացած ամեն ինչը հիմնված է ՀԱՊԿ մասին պայմանագրի վրա:
«Պայմանագրում թվարկված են մասնակիցների բոլոր պարտավորություններն ու բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռված են ՀԱՊԿ մեջ մտնող երկրներին»,- ասել է Մեդվեդևը:
Այսօր Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի աշխատանքներին կմասնակցեն Թաջիկստանի, Ղազախստանի, Բելոռուսիայի, Ղրղզստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը չի ժամանել գագաթաժողովին: