Արդեն հինգերորդ օրն է, ինչ մեկնարկել է շախմատի համահայկական օլիմպիադան, որը կազմակերպել են սփյուռքի նախարարությունը և ՀՀ շախմատի ֆեդերացիան: Օլիմպիադան ընթանում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և ավարտվելու է օգոստոսի 23-ին:
Օլիմպիադային մասնակցում է 10 երկրից ժամանած 40 շախմատիստ: Թիմերը կազմվել են ըստ տարածաշրջանների: Առաջին տեղում է Երևանի թիմը` 12,5 միավորով: Եվրոպայի թիմը նրան զիջում է ընդամենը մեկ միավորով և զբաղեցնում է երկրորդ տեղը: Հայաստանի, ԱՊՀ և Ռուսաստան-2-ը հավաքել են 11 միավոր: Օլիմպիադային մասնակցում են նաև` Ռուսաստան -1, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Արցախ, Մերձավոր և Միջին Արևելք թիմերը:
«Ե’վ թիմային, և’ անհատական մրցումներն անցնում են հետաքրքիր պայքարում: Անհատական ստուգարքում շատ միավորներ են հավաքել Վիգեն Մկրտչյանը (Չեխիա) և Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա), - PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է օլիմպիադայի գլխավոր արբիտր Վահագն Խաչատրյանը: Ուրախալին այն է, որ աղջիկները տղամարդկանց հետ ինքնավստահ ու արժանավայել պայքար են մղում: Ամենակրտսեր մասնակիցներ Մանուել Պետրոսյանը` Ղարաբաղից ու Սամվել Սևյանը` Սան Ֆրանցիսկոյից զարմացնում են իրենց խաղով»:
Արբիտրի խոսքերի համաձայն, օլիմպիադան շախմատիստներին միջազգային վարպետների և գրոսմայստերների կարգերը լրացնելու հնարավորություն կտա:
Տասնամյա Սամվել Սևյանը 5 տարեկանից զբաղվում է շախմատով և ուզում է հայտնի շախմատիստ դառնալ: «Ես երրորդ անգամ եմ գալիս Հայաստան, բայց շախմատի մրցումներին առաջին անգամ եմ մասնակցում: Մրցակիցներս ուժեղ են, սակայն ես ջանալու եմ լավագույնս ինձ դրսևորել», - ասել է Սամվել Սևյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Հյուսիսային Ամերիկայի թիմում հանդես եկող Տաթև Աբրահամյանը ուրախ է, որ Հայաստանում այսպիսի մրցաշար է կազմակերպվել:
Վրաստանից ժամանած Դավիթ Հարությունյանը մինչև օլիմպիադան Մարտունիում մասնակցել է «Սևանա լիճ» մրցաշարին և գտնում է, որ հաճախ պետք է կազմակերպվեն նմանատիպ մրցումներ:
Օգոստոսի 19-ին շախմատիստները շրջել են Հայաստանում, տեսել են Էջմիածինն ու Սևանա լիճը: