23 օգոստոսի 2010 - 17:23 AMT
Հերմինե Նաղդալյան. ՀՀ-ՌԴ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը զուգընթաց կբարձրանա նաև տարածաշրջանում համընդհանուր անվտանգության մակարդակը

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան թույլ տվեց ամրապնդել դաշնակցական հարաբերությունները»,- այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով, Մեդվեդևի այցը Հայաստան թույլ է տալիս նշել, որ Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ և սոլիդ գործընկերներ են, որոնց փոխհարաբերությունները զարգանում են համարժեք գործընկերության մակարդակով: «Այդ փոխհարաբերություններն ուղղված են երկրների միջև բոլոր բաղադրիչների բարելավմանը: Եթե ռազմաքաղաքական մակարդակում երկրների միջև մինչ այժմ շատ լուրջ համագործակցություն կար, ապա Ռուսաստանի նախագահի այցից հետո տնտեսական բաղադրիչը ևս լրջորեն առաջ կմղվի»,- նշել է Նաղդալյանը` ավելացնելով, որ հումանիտար բաղադրիչը նույնպես բավական բարձր մակարդակում է: Ընդ որում, նա նշել է, որ ՌԴ նախագահի այցը բավական հեռահար հետևանքներ է ունենալու: «Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ կբարձրանա նաև Հարավային Կովկասում համընդհանուր անվտանգության մակարդակը»,- ասել է Նաղդալյանը` ավելացնելով, որ դա կապահովի նաև իրադրության հավասարակշռվածությունը տարածաշրջանի բոլոր խաղացողների համար: