24 օգոստոսի 2010 - 16:43 AMT
Գյումրիում ՌԴ ռազմաբազաները չեն խանգարի Հայաստանի եվրաինտեգրացմանը

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը չի կարող բացասականորեն ազդել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հանրապետության հարաբերությունների վրա: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը::

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը հասկանում է, որ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը Արևմուտքը չի ողջունի: «Սակայն չպետք է մոռանալ, որ արևմտյան երկրները լավ հասկանում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողել է Թուրքիան, իսկ այնպիսի փոքր պետությունն, ինչպիսին Հայաստանն է, Թուրքիայի համար բավականին խոցելի է», - ասել է Բեքարյանը:

Նա ընդգծել է, որ Արևմուտքն այդպես էլ չկարողացավ Թուրքիային համոզել, որ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, այդ պատճառով էլ Հայաստանը փորձում է այլ ձևեր գտնել` իր անվտանգությունն ապահովելու համար: «Հենց այդ պատճառով Հայաստանում ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը բացասականորեն չի ազդի Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացի, ԵՄ-ի և Արևմուտքի հետ հանրապետության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների վրա:

Հարկավոր է ձերբազատվել այն ստերեոտիպից, ըստ որի Հայաստանը չի կարող ԵՄ անդամ լինել, քանի որ ՀԱՊԿ անդամ է: Պակաս կարևոր չէ նաև Հայաստանի ԵՄ անդամությունը Ռուսաստանի համար, քանի որ նա այդ կազմակերպության ներսում ի դեմս մեզ գործընկեր կունենա», - ասել է Կարեն Բեքարյանը: