26 օգոստոսի 2010 - 14:14 AMT
Գենադի Ուդովենկո. Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության մեծագույն ողբերգությունն է

«Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության մեծագույն ողբերգությունն է, որի ժամանակ կոտորվել է հայ ժողովրդի կեսը: Նշեմ, որ Ուկրաինան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև դուք գիտեք միջազգային կառույցների` ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի որոշումներն ու դիրքորոշումները, որոնք միանշանակ այդ անմարդկային գործողությունները Ցեղասպանություն են որակել: Շատ երկրներ պաշտոնապես ընդունել են և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախկին ղեկավար Գենադի Ուդովենկոն:

Նրա կարծիքով, Ուկրաինայի դիրքորոշման մեջ դիտարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարծիքների հետ կապը, որոնց հետ նա շատ մտերիմ և գործընկերային հարաբերություններ ունի: Սակայն Ռուսաստանի օրինակով Կիևը համոզվեց, որ կարելի է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և լավ հարաբերություններ պահպանել այդ երկրների հետ:

«Արդեն հիմա պետք է պատրաստվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 5 տարին շատ արագ կանցնի, և պետք է, որպեսզի մենք 100-ամյա տարելիցին պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը: Ինձ ճիշտ հասկացեք, մենք խնդրում ենք, որպեսզի բոլորը ճանաչեն «գոլոդոմորը», միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով չենք ճանաչում»,- ասել է Ուդովենկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն: