27 օգոստոսի 2010 - 12:14 AMT
ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի կոնսենսուսի են հասել Հարավային Կովկասի հարցում

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարութունը հայ-թուրքական համաձայնությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի փոխզիջման են հասել Հարավային Կովկասի հարցում և նրա սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հայտարարությունը բխում է երկու երկրների շահերից: ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններից և տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ուժեղացումից»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ԱՄՆ-ն իրականության չափավոր գնահատական է տվել:

Իր հերթին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, որ հիմա այնպիսի պահ է, երբ Կովկասի տարածաշրջանում գործընթացներն ավելի կանխատեսելի են դառնում:

«Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թաները` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: